Իրաքի Շանգալ քաղաքից Հայաստան տեղափոխված 19 եզդիների տրվել է փախստականի կարգավիճակ:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Մուրազին:

«4 ընտանիքների՝ Համեմ Իբրահիմի, Ղշար Ղանըմի, Թարըխ Բըշարի և Ռաշու Խալաֆի, բոլոր 19 անդամներն էլ ստացել են փախստականի կարգավիճակ: Նրանք այժմ ապրում են Արմավիրի մարզի Զվարթնոց ավանում: Երեք ընտանիքին էլ ռուսաստանաբնակ Միրզա Շլոյանը առանձին տուն է տրամադրել, կարող են այնտեղ ապրել այնքան, որքան ուզում են»,-ասաց Բորիս Մուրազին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. հուլիսի 30-ին, Իրաքի Շանգալ քաղաքից «Սինջար» եզիդների ազգային միավորում ՀԿ-ի աջակցությաբ Հայաստան է տեղափոխվել 19 եզդի փախստական:

Օգոստոսի 3-ին «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն դիմել էր ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն՝ Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին կարգավիճակ տրամադրելու հարցով։

Նշենք, որ «Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի օգոստոսի 3-ից ցեղասպանություն է իրականացնում:

2014թ. օգոստոսի 3-ը համարվում է Սինջարիի կոտորածների սկիզբը: Այդ օրվանից «Իսլամական պետությունը» սկսեց Իրաքի Քրդական ինքնավարության Սինջարի շրջանում և հարակից քաղաքներում եզդիների սպանդը, ինչի հետևանքով սպանվեց մի քանի հազար եզդի: Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն օդային հարվածներ հասցրեց ԻՊ դիրքերին, ինչը հանգեցրեց ԻՊ-ի դեմ մի քանի երկրների պատերազմի: Քրդերի և ամերիկյան ուժերի օգնությամբ մոտ 50 հազար եզդի կարողացավ տարհանվել և տեղափոխվել Սինջարի լեռներ: