Ռուսաստանն ընդունել է եւ կշարունակի ընդունել բոլորին, ովքեր համապատասխանում են փախստականի կարգավիճակին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ռուսական Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» հաղորդման ժամանակ:

Նախարարը հայտարարել է նաեւ, որ Ռուսաստանը կատարում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտականությունները: «Երբեմն այդ անում ենք՝ նույնիսկ հեռանալով որոշ չափանիշներից: Նկատի ունեմ Ուկրաինայից փախստականներին, որոնց թիվը մեզ մոտ շուրջ 1 մլն է: Ընդ որում, նրանց մեծ մասը՝ շուրջ 50%-ը, ռուսական քաղաքացիություն կամ երկրում մշտական բնակության իրավունք է խնդրում»,- ասել է Լավրովը:

«Մեզ մոտ փախստականներ կան նաեւ Մերձավոր Արեւելքից, այդ թվում՝ Եմենից եւ Սիրիայից: Նրանք Ռուսաստան են եկել դեռեւս հակամարտությունների վաղ փուլում»,- նշել է ռուսաստանցի նախարարը:

Լավրովը կարծիք է հայտնել, որ արեւմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն իրենց նախկին գործունեությունից: «Բոլորը պետք է հասկանան, թե որտեղից եւ ինչու է առաջանում փախստականների այս հոսքը»,- ընդգծել է դիվանագետը: