Կալիֆորնիայում շարունակում է ընդլայնվել աֆրիկյան մեղուների բնակության տարածքը: PLoS One-ի փոխանցմամբ, մեղուների այս տեսակն առաջացել է գրեթե կես դար առաջ, Ուորվիք Քերրի իրականացրած սելեկցիայի արդյունքում: Մասնագետն աֆրիկյան մեղուներին խաչաձեւել է եվրոպական տեսակների հետ, եւ փորձի ընթացքում 26 մեղվաընտանիքներ պատահաբար ազատության մեջ են հայտնվել:

Նոր տեսակը ոչ միայն չափազանց դիմացկուն է եւ շատ մեղր է տալիս, այլեւ արտասովոր կերպով ագրեսիվ է: Միջատները տարածվել են ամբողջ Հարավային Ամերիկայում եւ հիմա գրավում են հարեւան պետությունները՝ Մեքսիկան եւ Միացյալ Նահանգները: Ամբողջ աշխարհում նրանց խայթոցից արդեն հարյուրավոր մարդիկ են մահացել:

Մարդասպան-մեղուները, ինչպես նաեւ նրանց աֆրիկյան նախահայրերը, չեն դիմանում ցածր ջերմաստիճանին: Այդ պատճառով գիտնականները հույս ունեն, որ կլիմայական պայմանները կկանգնեցնեն նրանց առաջխաղացումը: