«Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակն այս տարի նվաճել է Մեքսիկան ներկայացնող 22-ամյա Խիմենա Նավարետտեն: Այս որոշումն այսօր հրապարակել է ժյուրին: Մրցույթը կայացել է ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում:

Հաղթողը, բացի գեղեցկության թագուհու թագն ու նախատեսված գումարն ստանալուց, նաեւ պայմանագիր է ստորագրում մրցույթի կազմակերպիչների հետ: Պայմանագիրը նախատեսում է մի շարք արտոնություններ ու մրցանակներ, մասնակցություն բարեգործական եւ գովազդային արշավներում: Բացի այդ, մեքսիկացի գեղեցկուհին պարտավորվում  մեկ տարի «միայնակ մնալ», այսինքն չամուսնանալ:

Այս մրցույթն անցկացվում է 1952-ից: Այս ընթացքում ամենից շատ հաղթանակներ ունեցել են ԱՄՆ-ը ներկայացնող գեղեցկուհիները (7 անգամ): Երկրորդ տեղում Վենեսուելան ներկայացնող գեղեցկուհիներն են, որոնք «Միսս տիեզերք» տիտղոսը նվաճել են 6 անգամ, այդ թվում 2008-ին եւ 2009-ին, հաղորդում է «Իտառ Տասս»-ը: