Ընդդեմ գործող Սահմանադրության փոփոխությունների նախագծին ձեւավորված «ՈՉ»-ի ճակատը հաջողության չի հասնելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
Լեւոն Մարտիրոսյանի խոսքով՝ այն թյուր կարծիքը, որ իշխանությունը Սահմանադրական բարեփոխումներ է անում իշխանության մնալու համար, սխալ է:
«Իշխանության վերարտադրության ցանկություն միշտ էլ կա, բայց ասել, որ դա բարեփոխումներով է պայմանավորված, սխալ է: Նորմալ է, որ իշխանությունն ուզում է վերարտադրվել: Դրանում ոչ մի կրիմինալ բան չկա: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ փոփոխություններից հետո ոչ մի պետական պաշտոն չի ուզում ստանձնել: Հիմա ասել, որ բարեփոխումներ է անում իշխանության մնալու համար սխալ է»,-ասաց նա:
Լեւոն Մարտիրոսյանը նշեց, որ վաղը ԱԺ լիագումար նիստի ընթացքում քննարկվելու են Սահմանադրական բաեփոխումների մասին նախագիծը:
Ըստ նրա՝ հայ հասարակությունը հասել է մի մակարդակի, որով պատրաստ է խորհրդարանական կառավարման համակարգի անցնել:
Պատգամավորի խոսքով՝ իրենք մեծ ակնկալիքներ ունեն ԱԺ քննարկումներից, քանի որ եթե բաեփոխումներն անցնեն Հայաստանը թեւակոխելու է զարգացման նոր փուլ:
Լեւոն Մարտիրոսյանը կարծում է, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ընդդիմադիր քաղաքական ուժերի կոսղմից քննադատության չի արժանացել:
«ՀՅԴ-ն երկու ձեռքով կողմ է այս բարեփոխումներին, մյուս ընդդիմադիր ուժերը՝ նույնպես: Ուղղակի կան որոշ քաղաքական գործիչներ, որոնք ոչ միայն Սահմանադրական բարեփոխումներին են դեմ, այլ բոլոր այն փոփոխություններին, որոնք իշխանություններն են նախաձեռնում»,-ասաց Լեւոն Մարտիրոսյանը՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխությունների վերջնական նախագիծը մինչեւ տարվա վերջ հանրաքվեի կդրվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծը, որով առաջարկվում է փոխել կառավարման համակարգը եւ անցնել համամասնական 100 տոկոսանոց ընտրակարգին, ուղարկվել է Ազգային ժողով: Սեպտեմբերի 15-ին նախագիծն արդեն քննարկման կդրվի խորհրդարանում:
Խորհրդարանական ուժերից միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են դեմ բարեփոխումներին: Քաղաքական այս ուժերը մի քանի այլ նախաձեռնությունների հետ ստեղծել են «Ոչ»-ի ճակատը եւ մտադիր են պայքարել Սահմանադրական փոփոխությունների դեմ: Դեռեւս հայտնի չեն պայքարի մեթոդները:





























