Վերջին 24 տարիների ընթացքում չի հաջողվել Հայաստանում ապահովել դատական իշխանության ու արդարադատության համակարգի արդյունավետությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Սահմանադրության նոր նախագծով նախատեսվում է փոփոխություններ իրականացնել նաեւ դատական իշխանության համակարգում։
«Թեեւ գործող Սահմանադրությամբ էլ է նախատեսվում դատական իշխանության անկախությունը, իրականությունն այլ է։ Հույս ունեմ, որ Սահմանադրության փոփոխությամբ կհաջողվի ձեւավորել անկախ ու արդյունավետ դատական իշխանություն»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծը, որով առաջարկվում է փոխել կառավարման համակարգը եւ անցնել համամասնական 100 տոկոսանոց ընտրակարգի, ուղարկվել է Ազգային ժողով: Սեպտեմբերի 15-ին նախագիծն արդեն քննարկման կդրվի խորհրդարանում:





























