Այս տարվա փետրվարին Մոսկվայի կենտրոնում սպանված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ընտանիքի ներկայացուցիչները միջնորդել են վերաորակավորել հանցագործությունը որպես պետական գործչի սպանություն:
«Այսօր մենք միջնորդություն ենք փոխանցել Քննչական կոմիտեին: Այս հարցը վաղուց էր հասունացել. սկզբում հանցագործությունը որակեցին որպես պատվերով մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն: Մենք կարծում ենք, որ այն պետք է քննվի որպես պետական գործչի կյանքի դեմ ուղղված ոտնձգություն»,-«Ինտերֆաքսին» ասել է տուժածների փաստաբան Վադիմ Պրոխորովը:
Նրա կարծիքով, վերաորակավորման համար հիմք է այն, որ սպանության պահին Նեմցովը եղել է Յարոսլավլի մարզային դումայի պատգամավոր, «ՌՊՌ Պառնաս» ընդդիմադիր կուսակցության համանախագահ, իսկ ավելի վաղ պաշտոններ է զբաղեցրել կառավարությունում, եղել է նահանգապետ եւ Պետդումայի պատգամավոր:
Պրոխորովն ընդգծել է, որ վերաորակավորման արդյունքում խոսքը պատժի խստացմանը չի վերաբերում, քանի որ երկու հոդվածներով էլ նախատեսվում է ցմահ ազատազրկում:





























