Նոր Սահմանադրության առանցքը լինելու է մարդն ու քաղաքացին։ Այս մասին սեպտեմբերի 15-ին ՀՀ խորհրդարանի նիստում հայտարարեց նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ ներկայացնելով բարեփոխումների նախագիծը։

Նրա խոսքով՝ 1995 թվականի Սահմանադրությունը, ի հակադրության նոր Սահմանադրության,  իշխանակենտրոն էր, դրա առանցքում ոչ թե մարդն էր, այլ երկրի նախագահն իր գերակա դիրքով։ Այլ կերպ ասած՝ պետական կառավարման համակարգը շատ հեռու էր հավասարակշռված լինելուց։

«2005 թվականի բարեփոխումներն անցան ժողովրդավարության եւ պարլամենտարիզմի  զարգացման ուղով, սակայն չկարողացան այն ավարտին հասցնել։ Անկախությունից քառորդ դար անց  մենք չենք կարող արձանագրել, որ ձեւավորել ենք կառավարման արդյունավետ համակարգ եւ անկախ դատական իշխանություն։ Այդ պատճառով հիմա գլխավոր նպատակը օրենքի գերակայության ապահովումն է»,- նշեց Պողոսյանը։