Միանձնյա իշխանությունը խանգարում է մենաշնորհների դեմ եւ դատարանների անկախության համար պայքարին։ Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հարցերով փորձագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ ներկայացնելով Սահմանադրության նախագիծը:

Նրա խոսքով՝ եթե իշխանության ամբողջականությունը կախված է մեկ մարդուց, ապա դժվար է խոսել դատարանների անկախության եւ տնտեսության անկախության մասին։ «Ցավոք, ինչպես ես արդեն ասացի, մենք հիմա չենք կարող արձանագրել, որ գործնականում ունենք այն սահմանադրական արժեքները, որոնք անհրաժեշտ են բարձր մակարդակի ժողովրդավարության համար։ Այդ պատճառով Սահմանադրության կարեւորագույն խնդիրն է ապահովել այն կարգը, որով իշխանության ձեւավորումը վստահություն է ներշնչում ժողովրդին, իսկ իշխանությունը հաշվետու է նրան»,- ընդգծեց Պողոսյանը։