Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հնարավոր է` վերանայի նոր սահմանադրության 154–րդ հոդվածի 4–րդ կետը, որով սահմանվում է, որ պատերազմի ժամանակ երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարությունն անցնում է երկրի վարչապետին։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 16–ին, Ազգային ժողովում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը` արձագանքելով ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի առաջարկին` «պատերազմի ժամանակ» ձեւակերպումը փոխարինել «ռազմական դրությամբ»։

Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց, որ Արցախի պատերազմի տարիներին Հայաստանը թեեւ 4–5 տարի ներգրավված էր ակտիվ ռազմական գործողություններում, այդուամենայնիվ, պաշտոնապես պատերազմ հայտարարված չէր։

«Պատերազմի ժամանակ գրելով մենք նկատի ենք ունեցել դե յուրե պատերազմը։ Հնարավոր է այն քննարկվի եւ փոխարինվի ռազմական դրություն ձեւակերպումով»,– ասաց Վարդան Պողոսյանը։