Բլոգերները Ադրբեջանում լրագրողներ չեն համարվում: Այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը երկու ադրբեջանցի բլոգերների դատավճիռը, որոնք 2,5 տարի դեռ պետք է անցկացնեն բանտում` ինտերնետում էշի մասին տեսանյութ տեղադրելու համար: Բանն այն է, որ որոշ մարդիկ տեսանյութը որակել են որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նմանակում:
«Ամեն մարդ, ով տանը համակարգիչ ունի, կարող է համարվել բլոգեր, իսկ յուրաքանչյուր բլոգերի պաշտպանել որպես լրագրող` լրագրողների իրավունքների տեսանկյունից, սխալ է»,- ասել է Հասանովը:
Նշենք, որ Ադրբեջանում լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների երկար պատմությունը հողին է հավասարեցնում Հասանովի փաստարկը:
Այսպես, հայտնի լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւի հետապնդումն ավարտվեց նրանով, որ հուլիսին նրան մեղավոր ճանաչեցին թմրանյութեր պահելու մեջ: Ֆաթուլաեւը 2007-ին երկու անգամ դատապարտվել է զրպարտության, ահաբեկչության սպառնալիքի եւ մի շարք այլ հանցագործությունների համար: Չնայած Ստրասբուրգի դատարանի վճռին, նա շարունակում է մնալ անազատության մեջ:
Բլոգերներ Էմին Միլլին եւ Ադնան Հաջիզադեն մեղավոր էին ճանաչվել խուլիգանության եւ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու մեջ: 2009թ. նոյեմբերին Միլլիին դատապարտել էին 2,5, Հաջիզադեին՝ 2 տարվա ազատազրկման:




























