ՀՀ քննչական  կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  քաղաքացու դրամապանակը բնակարանից հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 13-ին: Առերեւույթ հանցագործություն կատարած անձը ջուր խնդրելու պատրվակով ապօրինի մուտք է գործել Երեւան քաղաքի բնակարաններից մեկը եւ նախասրահում գտնվող պահարանից հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել է 2 հատ բանկային քարտ,  ապա՝ գողացված բանկային քարտով բանկոմատից կանխիկացրել գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Նախաքննության ընթացքում բանկից ստացվել են գողացված քարտով գործարք կատարած անձանց  լուսանկարները:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձանց կամ որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: