Հայաստանի  Զինված ուժերը շարունակում են առաջվա պես կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։ Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը չպետք է անհանգստության առիթ դառնան։ «Եթե մեր Զինված ուժերը ի վիճակի չլինեն լուծել նման մանր խնդիրները, ապա ի՞նչ ենք մենք անելու երկրի պաշտպանության լուրջ խնդիրների դեպքում։ Մենք ի վիճակի ենք պատասխան տալ մանր միջադեպերին եւ մեծ մարտահրավերներին»,- ասել է Օհանյանը։

Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը վերջին ժամանակներս մեծացրել է հայկական դիրքերի դեմ օգտագործվող զենքի տրամաչափը։ Կրակոցներն իրականացվում են 60, 82 եւ 120 մմ տրամաչափի ականանետրից։ Մյուս կողմից վերջին ժամանակներս կրակոցների հաճախականությունը փոքր-ինչ պակասել է։