Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր եւ ծանոթացել նրա մոտակայքում նոր տեխնոլոգիաներով կառուցվող տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածներից մեկում տարվող աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կարեւորել է տրանսպորտային ցանցի շարունակական արդիականացումը՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունը:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս եւ հանդիպել բնակիչների հետ:

Արծարծվել են թաղամասում առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել շրջակա միջավայրի պահպանմանը:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի լուծման ուղղությամբ՝ նշելով, որ ծայրամասային թաղամասերի բարեկարգումը հանդիսանում է մայրաքաղաքի զարգացման կարեւորագույն բաղադրամասերից մեկը: