Երեւանում շենքերի մեծ մասը կառուցվելիս հաշվարկվել է ցածր սեյսմիկ վտանգի համար եւ այս պահին սեյսմիկ առումով բարձր խոցելի է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության Շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը։

«Շենքերի գերակշռող մասը խորհրդային տարիներին է կառուցվել՝ 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար: Այն ժամանակ քաղաքի զգալի մասը 7-8 բալի տակ էր հաշվարկված, բայց հիմա շենքերը պիտի 9 բալի համար հաշվարկեն ու կառուցեն»,- ասաց Գուրգեն Նամալյանը՝ նշելով, որ Երեւանում սեյսմիկ ռիսկը բարձր է այնտեղ ազգաբնակչության կենտրոնացված լինելու եւ շենքերի մեծ քանակի պատճառով:

Նորակառույց շենքերը, Գուրգեն Նամալյանի խոսքով, կառուցված են սեյսմիկ վտանգին համախատասխան, այնպիսի  տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս բարձրացնել շինարարական աշխատանքների որակը: