Նախքան ՀՀ Սահմանադրությունը փոփոխելը պետք է պատժել նրանց, ովքեր այն խախտում են։ Այս մասին սեպտեմբերի 18-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը։
Նրա խոսքով՝ բոլոր խնդիրների պատճառը ընտրությունների արդյունքների կեղծումն է։ Քանի դեռ իշխանության բռնազավթումը պահպանվում է, Սահմանադրական բարեփոխումները ոչինչ չեն տալիս։ «Ի՞նչ հաջորդեց 2005թ. Սահմանադրական բարեփոխումներին։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերը, արտագաղթ, կաշառակերության մեջ խեղդված պետական ապարատ։
Ակնհայտ է, որ համակողմանի ճգնաժամը հակաժողովրդական քաղաքականության եւ իշխանության բռնազավթման հետեւանք է։ Եվ այդ հանցագործությունների, այդ թվում՝ մարտի 1-ի սպանությունների համար ոչ ոք չի պատժվել։ Պատահական չէ, որ մարդիկ անտարբեր են բարեփոխումների նկատմամբ՝ գիտակցելով, որ դրանք կմնան թղթի վրա»,- ընդգծեց Դեմիրճյանը։




























