Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում ամբողջ հայությանը գիտակցել հայոց պետականության վրա կախված վտանգը եւ վճռականորեն «Ոչ» ասել սահմանադրական այս արկածախնդրությանը: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, հարկավոր է միանալ այդ փոփոխությունների դեմ մղվող պայքարին, ակտիվորեն մասնակցել հանրահավաքներին, «Ոչ»-ի քարոզարշավին, ստեղծելով երկրում մի մթնոլորտ, որը թույլ չի տա ընտրակեղծարարներին ապահովել Սերժ Սարգսյանի ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ 650 հազար ձայնը:

«Իհարկե, իշխանությունները ամեն ինչ կանեն հանրաքվեն կեղծելու, դիմադրությունը ջլատելու, քաղաքական ուժերին պառակտելու եւ հնազանդեցնելու համար: Իհարկե, նրանց քարոզելու ռեսուրսները անհամեմատ ավելի հզոր են: Բայց սա այն պայքարը չէ, որտեղ մենք պետք է հաշվարկենք. Հաղթելո՞ւ ենք, թե՞ պարտվելու: Երբ ամբողջ ազգը տանում են ստրկացման, հաշվարկելը անբարոյական է: Այստեղ պարտություն է չդիմադրելը: Դիմադրության շարժման ստեղծումն արդեն՝ հաղթանակ կլինի մեր ազգի համար, իսկ եթե հաջողվի ժողովրդի բոլոր խավերին եւ շերտերին հասցնել այս չարաբաստիկ պլանի էությունը, վստահ եմ, որ ժողովուրդը հանուն արժանապատվության ոտքի կկանգնի եւ կխափանի բռնազավթման այս ծրագիրը: Եթե սա հաջողվի, իշխող ռեժիմը կկրի այնպիսի պարտություն, որից նա այլեւս ուշքի չի գա եւ ստիպված կլինի հեռանալ»,- նշել է Զուրաբյանը: