Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 18–ին, Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատական հերթական նիստին հարցաքննվեց երկու վկա` Գրիգորյանների երկու հարեւանները։
Վկա Սամվել Եփրեմյանը հայտնեց, որ իր սեփական մեքենայով տաքսի ծառայություն է մատուցում և ամբաստանյալ Արման Կատունյանի կինը՝ Ջեմմա Խաչատրյանը, մշտապես օգտվել է իր տաքսիից։
Վկան դատարանում հայտնեց նաև, որ Ջեմմա Խաչատրյանի և Հարություն Գրիգորյանի մտերիմ հարաբերությունների մասին ինքը որևէ տեղեկություն չի ունեցել, նման խոսակցություն չի լսել, նրանց միասին երբևէ չի տեսել:
Վկան հայտնեց նաև, որ նախաքննության ընթացքում քննիչներին հայտնել է, որ բոլոր հարևաններով էլ շատ մտերիմ հարաբերություններ են ունեցել: Վկան հիշեց ու դատարանին հայտնեց, որ սպանությունից մոտ մեկ տարի առաջ Հարություն Գրիգորյանը փորձել է իրենից ստանալ Ջեմմա Խաչատրյանի հեռախոսահամարը, սակայն ինքը մերժել է նրան: Սպանությունից որոշ ժամանակ առաջ նկատել է, թե ինչպես են Արման Կատունյանն ու Հարություն Գրիգորյանը վիճում վերջինիս սև գույնի «Ջիփ» ավտոմեքենայում: Սամվել Եփրեմյանը նաև հայտնեց, որ սպանության օրն իրեն ժամը 19.00-ի սահմաններում հարկադրաբար տեղափոխել են ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, ապա նաև ոստիկանության Ախուրյանի բաժին ու այնտեղ պահել մինչև հաջորդ օրը, ժամը 03.00-ն: Այդ ընթացքում վկային բազմաթիվ ոստիկաններ են հարցաքննել, հարցաքննության արդյունքում կազմված արձանագրությունը գրվել է քննիչի կողմից, իսկ վկան այն ստորագրել է առանց ընթերցելու:
Հաջորդ վկան` Արեգնազան Ինչիջյանը նախ հայտարարեց, որ դատարանի միջանցքում իր վրա ճնշում է գործադրել տուժողի քույրը: Վկան հայտնեց, որ հարևաններով շատ մտերիմ են եղել, Արման Կատունյանն ու Ջեմա Խաչատրյանը շատ հաճախ են իր տուն եկել, եկել է նաև մյուս հարևան Հարություն Գրիգորյանը: Վկան հայտնեց, որ Ջեմմա խաչատրյանին մշտապես ընդունել է իբրև դուստր և համոզված է, որ վերջինս բարոյական աղջիկ է: Վկան հայտնեց նաև, որ Հարություն Գրիգորյանն ու Ջեմմա Խաչատրյանը երբևէ երկուսով չեն առանձնացել իր տանը, բոլոր դեպքերում ինքն էլ է տանը գտնվել: Ըստ վկայի, եթե ինքը Հարություն Գրիգորյանի ու Ջեմմա Խաչատրյանի միջև ինչ-որ կապի մասին կասկած անգամ ունենար, ապա նրանց ոչ միայն տուն չէր թողնի, այլ որևէ կապ չէր ունենա նրանց հետ: Վկան բացառեց նրանց միջև կապի առկայությունը` հայտնելով, որ Արման Կատունյանն ու Ջեմմա Խաչատրյանը սիրող ամուսիններ են, և դա նկատելի է եղել: Հարություն Գրիգորյանի սպանությունից մի քանի ամիս առաջ վկան նկատել է, որ Ջեմմա Խաչատրյանը խուսափում է Հարություն Գրիգորյանի հետ որևէ շփումից, վերջինիս գալուն պես արագ հեռանում է իր տնից: Վկան նաև հետաքրքիր դրվագ հիշեց, երբ Հարություն Գրիգորյանի սպանությունից մի քանի օր առաջ վերջինս այցելել է իր տուն, սուրճ խնդրել, ապա սկսել է պատշգամբի ծառերի արանքից հետևել Արման Կատունյանենց տան պատուհաններին, ինչը վկայի համար շատ տհաճ է եղել: Հարություն Գրիգորյանը սուրճ խմելու ամբողջ ընթացքում շարունակել է հետևել Կատունյանի տան պատուհաններին, ապա հեռացել է: Հետագայում Արեգնազան Ինչիջյանը պարզել է, որ այդ օրերին Արման Կատունյանն ու Ջեմմա Խաչատրյանը բոլորից, այդ թվում և Հարություն Գրիգորյանից գաղտնի մեկնած են եղել հանգստի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով: Կասկածյալը` Արման Կատունյանը, ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ եւ խոստովանել մեղքը։
Դրանից հետո քաղաքում լուրեր էին տարածվել, որ Կատունյանը, որը Վարդեւան Գրիգորյանի հարեւանն է, կասկածներ է ունեցել, որ ռեկտորի եղբայրը սիրահետում է իր կնոջը, եւ խանդի հողի վրա է նրան սպանել։
Կատունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) եւ 235-րդ հոդվածով (Ապօրինի կերպով զենք կրելը)։




























