Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանը հիշում է սպանությանը նախորդած իրադարձությունները, սակայն չի հիշում, թե ինչպես է սպանել ռեկտորի եղբորը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 18–ին, հրապարակվեց Կատունյանի նախաքննական ցուցմունքը, որում ամբաստանյալը գրել էր, որ Գրիգորյանը երկար ժամանակ հետապնդել է իր կնոջը, իսկ սպանության օրը իրեն կանչել է հաշիվ մաքրելու, Կատունյանը կնոջ հետ գնացել է։
«2014 թվականից սկսած Հարություն Գրիգորյանը մեր ընտանիքի կյանքը վերածել էր դժոխքի։ Մենք ընտանիքներով մոտ ենք եղել, բայց Հարությունը փորձել է սիրահետել կնոջս. Կինս ինձ այդ մասին տեղյակ է պահել, ես համոզվելու համար կնոջս հեռախոսում խոսակցությունների ձայնագրման ծրագիր եմ գցել: Պարզել եմ, որ նրանց միջեւ կապ չկա, պարզապես սիրահետում է կնոջս, հանդիպել ու զրուցել եմ նրա հետ, սաստել որ դադարեցնի»,– պատմել է Արման Կատունյանը։
Ամբաստանյալի պատմելով` ինքն ու Գրիգորյանը մի քանի անգամ հանդիպել են վերջինի պահանջով։
«Մի անգամ էլ հանդիպեցինք, ասաց` արի խփենք իրար, որ Նանան (խմբ. Ջեմմա Խաչատրյանը) ոչ իմը լինի, ոչ քոնը, ասի` արի, ինչո՞վ, ասեց` զենքով, ասի` ես չունեմ, ասեց` ես ունեմ, կտամ։ Ասում էր` թե ինքն անտարբեր չէ կնոջս նկատմամբ»-գրված էր Կատունյանի լրացուցիչ ցուցմունքներից մեկում:
Ըստ մեղադրյալի ցուցմունքի`սպանության օրը Հարություն Գրիգորյանը իրեն առաջարկել է հանդիպել Աղին գյուղում` խոստանալով ապացուցել, որ իր եւ նրա կնոջ` Ջեմմա Խաչատրյանի միջեւ կապ կա։
«Զանգեց, կանչեց ինձ Աղին եւ սպառնաց, որ այսօր մեզանից մեկն է կենդանի մնալու։ Չուզեցի Աղին հասնել, մի քիչ էլ վախեցա. ադեկվատ վիճակում չէր, ասացի` արի Գյումրի։ Կնոջս ասացի` արի գնանք, տեսնենք` էս հիվանդը ինչ է ուզում մեզանից։ Հանդիպեցինք Գետք գյուղի մոտ, հենց սկզբից տարօրինակ էր, ձեռքով խփեց մեքենայի դիմապակուն ու ասաց, որ կապացուցի»,– պատմել է Կատունյանը։
Ամբաստանյալի խոսքով`ինքը վիճաբանության ժամանակ Գրիգորյանի մեքենայի մեջ ատրճանակ է նկատել, վերցրել է այն, որ Գրիգորյանը չկրակի, ինչից հետո վիճաբանությունը թեժացել է։
«Սեռական բնույթի հայհոյանքներ տվեց կնոջս ու մորս հասցեին, այդ պահին կինս բացել էր մեր մեքենայի դուռը, Հարութը գոռալով փորձեց մոտենալ նրան, ես ոտքով հարվածեցի, նա ընկավ, ապա կանգնեց, վերցրեց մի մեծ քար, շարունակեց հայհոյել կնոջս ու մորս ու այդ պահից սկսած`հստակ չեմ հիշում, թե ինչ է կատարվել, միայն հիշում եմ, որ որոշ ժամանակ հետո կինս ինձ ուշքի էր բերում, որոշ ժամանակ հետո եմ հասկացել ու տեսել, որ վերը նշված ատրճանակն ինձ մոտ է»,–ասել է Արման Կատունյանը`ավելացնելով, որ դրանից հետո ատրճանակը թողել է Աշոցք գյուղի գերեզմանաքարերից մեկի տակ։
Դեպքից անմիջապես հետո Կատունյանը զանգել է կնոջ եղբորն ու խնդրել Հայաստանից դուրս տանել քրոջն ու երեխաներին: Ինքն էլ, իր խոսքով, գտնվելով հոգեկան ոչ հավասարակշիռ վիճակում, իր մեքենայով գնացել է Վրաստան, հաջորդ օրը վերադարձել է, ինքնակամ ներակայացել ոստիկանություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով: Կասկածյալը` Արման Կատունյանը, ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ եւ խոստովանել մեղքը։
Դրանից հետո քաղաքում լուրեր էին տարածվել, որ Կատունյանը, որը Վարդեւան Գրիգորյանի հարեւանն է, կասկածներ է ունեցել, որ ռեկտորի եղբայրը սիրահետում է իր կնոջը, եւ խանդի հողի վրա է նրան սպանել։
Կատունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) եւ 235-րդ հոդվածով (Ապօրինի կերպով զենք կրելը)




























