Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը, որը սեպտեմբերի 13-ին ուշ երեկոյան մահացու ելքով վրաերթ էր կատարել, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ասել է, որ դեպքի պահին ինքն արագությունը չի գերազանցել:

«Արման Եդոյանն ինձ ասել է, որ արագությունը չի գերազանցել: Իհարկե, ցավալի դեպք է տեղի ունեցել, ցավակցում ենք մահացածի ընտանիքին, Արման Եդոյանն էլ այս պահին վատ վիճակում է»,-  NEWS.am-ին ասաց Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ փորձաքննությամբ ապացուցվել է, որ վարչության պետը սթափ վիճակում է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. սեպտեմբերի 13-ին ժամը 22:30-ի սահմաններում «Լեքսուս» մակնիշի մեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը տեղում մահացել է: «Լեքսուս» ամենագնացի ղեկին եղել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: