Սեպտեմբերի 15-ից 19-ը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ, բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ անցկացվել է երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված էին մասնակից զորամասերի հրամկազմը, շտաբները, ղեկավարման եւ ապահովման մարմինները:

Հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ պայմանականորեն իրականացվեցին այնպիսի կարեւոր գործողություններ, ինչպիսիք են իրադրության գնահատումը եւ ռազմական արվեստի տառին ու ոգուն համահունչ մարտական որոշումների ընդունումը, արագորեն փոփոխվող իրավիճակներում կողմնորոշումը, ենթակա անձնակազմին խնդիրների առաջադրումը, մարտի անընդհատ ղեկավարման ապահովումը, աշխատանքը տեղանքում եւ մանրակերտի վրա, արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը եւ հարակից այլ միջոցառումներ:

2015թ. բանակի պատրաստության պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժությունները փաստեցին, որ մասնակից զորամասերը եւ հանրապետության ռազմապաշտպանական համակագը առհասարակ, ունակ են արագ եւ արդյունավետ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին, գործել գրագետ եւ ներդաշնակված, ընդունել եւ իրագործել հաղթական արդյունքի տանող որոշումներ: