ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիան այսօր դարձել է 80 տարեկան։

Դանելիան ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսիում։ Նրա մանկությունն անցել է Մոսկվայում, ուր ընտանիքը Թբիլիսիից տեղափոխվել է 1931 թվականին։ 1956-ից Դանելիան հաճախել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսորական բարձրագույն կուրսերին։ 1959 թվականին ավարտելով ուսումը՝ «Մոսֆիլմում» աշխատել է որպես ռեժիսոր-բեմադրիչ։

Ռեժիսորին հռչակ է բերել  «Ես քայլում եմ Մոսկվայով» կատակերգական մելոդրաման։ Դանելիան բեմադրել է «Աֆոնյա», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա», «Անձնագիր», «Նադյա» եւ մի շարք այլ ֆիլմեր։

«Այնքան խորասուզված եմ ստեղծագործական գործընթացների մեջ, որ նույնիսկ չգիտեմ, թե որտեղ կնշեմ ծննդյանս օրը»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ ասել է կինոռեժիսորը։

Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը կինոռեժիսորին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ կարգի շքանշանով։