Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գերագույն դատարանի օգոստոսի 19-ին կայացրած վճռի կապակցությամբ: Այդ վճռով ամփոփոխ են թողնվել երիտասարդ ակտիվիստներ եւ բլոգերներ Էմին Աբդուլաեւի եւ Ադնան Հաջիզադեի 2 եւ 2,5 տարվա ազատազրկման դատավճիռները:

Քեթրին Էշթոնը կարծիք է հայտնել, որ նման դատավճիռը չի համապատասխանում դատարանի կողմից արդարության եւ թափանցիկ գործունեության միջազգային չափանիշներին եւ խոսում է Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման մասին: Նա նաեւ դիմել է Ադրբեջանաին կոչ անելով ազատ արձակել երիտասարդ բլոգերներին:

«ԵՄ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունները կատարելու հարցում,  որոնք վերաբերում են, մասնավորապես, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների, խոսքի ազատության հարգմանը եւ օրենքի գերակայությանը»,-ասված է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցչի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում երկու երիտասարդ բլոգերներ՝ Էմին Միլլին եւ Ադնան Հաջիզադեն դատապարտվել են 2 եւ 2,5 տարվա ազատազրկման` ինտերնետում էշի մասին տեսահոլովակի համար, որը որոշ անձինք գնահատել են որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նմանակում:

Ադրբեջանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել  նրանց վճիռը: Դա Ադրբեջանում վերջին դատական ատյանն էր, որտեղ կարելի էր բողոքարկել վճիռը: Բլոգերների փաստաբան Իսահան Աշուրովը ադրբեջանական դատարանների որոշումը «պատվիրված, ապօրինի եւ անարդար» է անվանել եւ հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին: