Միջազգային շուկայում վերջապես սկսել է հացահատիկային կուլտուրաների գների անկում, որը ոչ թե կարճաժամկետ բնույթ ունի, այլ երկարատեւ գործընթացի սկիզբն է։
Այսօր` օգոստոսի 25-ին, Չիկագոյի բորսայում ցորենի դեկտեմբերյան մատակարարումների արժեքը նվազել է 0,4 տոկոսով՝ ի լրումն նախորդ օրվա 2,4 տոկոս անկման։ Ցորենի 1 բուշելի համար վճարել են 7,04 դոլար (կամ 259 դոլար 1 տոննայի համար)։ Միաժամանակ նվազել են նաեւ եգիպտացորենի եւ վերջին շրջանում արագ թանկացող բրնձի գները։ Սպասվում է, որ ցորենի գինը 1 բուշելի համար առաջիկայում կնվազի մինչեւ 6 դոլարով։
Հացահատիկայինների գների նվազումը պայմանավորված է 2 հիմնական գործոններով։ Նախ՝ Ռուսաստանում սկսվել է անձրեւների շրջանը, ինչն, ըստ փորձագետների, դրական կանդրադառնա աշնանացանի վրա։ Օթերեւութաբանների կանխատեսումներով՝ այս շաբաթ անձրեւներ կտեղան Ռուսաստանում, Ղազախստանում եւ Ուկրաինայի արեւելքում։ «Ցորենը, ամենայն հավանականությամբ, կշարունակի էժանանալ։ Խոնավ եղանակը կօգնի ցանքին ԱՊՀ երկրներում, որոնք լրջորեն տուժել են երաշտից»,- հայտարարել է սինգապուրյան Phillip Future Pte-ի վերլուծաբան Չան Յան Քեփը։ Ըստ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ օգոստոսի 23-ի դրությամբ, երկրում հավաքվել է 40,7 մլն տոննա ցորեն, որը 17,8 մլն տոննայով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Նախարարության կանխատեսմամբ՝ ցորենի բերքը այս տարի կկազմի 60-65 մլն տոննա՝ անցյալ տարվա 97 մլն տոննայի համեմատ։
Հացահատիկայինների գների նվազման մյուս պատճառը ԱՄՆ-ում լավ բերքի սպասումներն են։ ԱՄՆ-ը լրջորեն մտադիր է ցորենի համաշխարհային շուկայում զբաղեցնել այն տեղը, որն ուներ Ռուսաստանը։ ԱՄՆ-ը շաբաթական արտահանում է 1,4-1,5 մլն տոննա ցորեն։
Հատկանշական է, որ միջազգային շուկաները համարյա ոչ մի կերպ չարձագանքեցին Ուկրաինայի կառավարության այն որոշմանը, ըստ որի հացահատիկայինների արտահանման քվոտաներ պետք է սահմանվեն։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում սկսվել է հացահատիկայինների գների նվազման բավական լուրջ գործընթաց, պետք է ենթադրել, որ առաջիկայում ալյուրի եւ հացի գները Հայաստանում եւս պետք է նվազեն։ Սակայն հնարավոր է, որ դրան խանգարի շուկայի մենաշնորհացման բարձր աստիճանը։




























