«Դիզելային սկանդալի» հետեւանքով Volkswagen-ի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես պաշտոններից հեռացնել բուն կոցեռնի , ինչպես նաեւ դրա դուստր Audi եւ Porsche ընկերությունների մշակումների եւ հետազոտությունների բաժինների ղեկավարներին, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով «Ռոյթեր» գործակալությունը:

Ինչպես հայտնի է դարձել անցած շաբաթ, դիզելային շարժիչներով աշխատող Volkswagen մակնիշի ավտոմեքենաների համակարգիչների վրա տեղադրված է եղել ծրագրային ապահովում, որը ցածր էր ցույց տալիս վնասակար նյութերի արտանետումների իրական ցուցանիշները: Ավտոհսկայի նկատմամբ հետաքննություն է սկսվել Եվրոպայում, ԱՄն –ում ու Ասիայում: Եվ այսպես, ամերիկյան կառավարությունը պարտավորեցրել է կոնցեռնին հետ կանչել Volkswagen եւ Audi մակնիշի 482 հազար մարդատար մեքենաները, որոնք վաճառվել էին երկրում 2009-2015թթ: Ընկերությանն սպառնում է նաեւ տուգանք ՝ մինչեւ 18 մլրդ դոլարի չափով:

Ըստ Volkswagen –ի մամուլի հաղորդագրության, էկոլոգիական տվյալների կեղծումը վերաբերում է ամբողջ աշխարհով մեկ վաճառված 11 մլն մեքենաների: Գերմանիայի ճանապարհներին նման մեքենաների թիվը կազմում է 2.8 մլն: Ընդ որում խոսքը ոչ միայն մարդատար, այլեւ առեւտրային մեքենաների մասին է՝ պիկապների, թեթեւ բեռնատարների, միկրոավտոբուսների: