Գերմանիայի Բրաունշթայն քաղաքի դատախազությունը Volkswagen ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Մարտին Վինթերքորնի դեմ հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնել են դատախազությունից, Վինթերքորնին կասկածում են էկոլոգիական ստանդարտներին չհամապատասխանող մեքենաների վաճառքի մեջ։
Վինթեքորնը հրաժարական էր տվել անցյալ շաբաթ աղմկահարույց սկանդալի ֆոնին։ Volkswagen-ին մեղադրում են դիզելային մեքենաների վնասակար արտանետումների քանակը կեղծելու մեջ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ինչպես պարզվել է, ԱՄՆ-ում վաճառվող որոշ մեքենաների դիզելային շարժիչներին հատուկ սարք է ամրացված եղել, որը ճանաչում է վնասակար գազերի չափիչ սարքը եւ այն միացնելիս փոխում է շարժիչի աշխատանքի պարամետրերը՝ պակասեցնելով մթնոլորտ արտանետվող գազերի քանակը։
Այս սարքավորումները տեղադրվել են 11 մլն մեքենաների վրա։





























