Հակառակորդի գնդակից սեպտեմբերի 2-ին բեկորային վնասվածքներ ստացած՝ Տավուշի մարզի Կոթի համայնքի 42-ամյա բնակիչ Նազիկ Թումանյանը դուրս է գրվել հոսպիտալից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Նազիկ Թումանյանը վերադարձել է գյուղ, ժամանակ առ ժամանակ Երեւան է գնում ստուգման:

«Տղան՝ Ռազմիկն էլ է արդեն լավ, քայլում է, ոչ մի խնդիր չունի»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ վիրավորված բնակիչների բուժման ծախսը հոգում է պետությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզում։ Հակառակորդը կրակ էր բացել սահմանամերձ մոտ 20 գյուղերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից վիրավորվել են Կոթիի երկու բնակիչներ՝ մայր ու որդի Նազիկ եւ Ռազմիկ Թումանյանները, որոնք տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Մուրացան» հոսպիտալ: