ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարության հետ պարբերաբար քննարկվում են Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը՝ ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենեվյեվ Մայերի, դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ֆրեդրիկ Սունդբերգի եւ դեպարտամենտի իրավաբան Վահե Դեմիրճյանի հետ հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը կարեւորել է, որ Դեպարտամենտի ղեկավարության հետ պարբերաբար անցկացվում են երկկողմ խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվում են Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքին, առանձին գործերով կայացված վճիռների կատարողական-վերահսկողական վարույթների հնարավոր փակմանը վերաբերող հարցեր։
ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատվիրակությունն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի եւ նրա աշխատակազմի կողմից հաստատվել է ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ, ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալ Ա. Թաթոյանը: Կողմերը քննարկել են վճիռների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:




























