Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլորին կոչ արեց միավորվել մեկ կոալիցիայում՝ «Իսլամական պետության» եւ Մերձավոր Արեւելքի նմանատիպ այլ խմբավորումների դեմ պայքարելու համար: Պարոն Պուտինը կարծում է, որ այդպիսի կոալիցիան կմիավորի տարատեսակ կառավարությունների՝ ժողովրդավարական, բռնապետական եւ կրոնապետական: Օբամայի եւ Պուտինի ելույթներին նվիրված խմբագրականում գրել է ամերիկյան «The Washington Post» պարբերականը:
Հոդվածի հեղինակների խոսքով, հանդես գալով այդպիսի կոալիցիա ստեղծելու առաջարկությամբ՝ Պուտինը մոռանում է, որ ԱՄՆ-ն ու դաշնակիցները պայքարել են ոչ միայն ֆաշիզմի դեմ, այլեւ հանուն ժողովրդավարության: «Ստալինյան Խորհրդային միության հետ դաշինքն անհրաժեշտ չարիք էր, իսկ աղքատիկ խաղաղությունը (այդքան կեղծաբար իրականացված խորհրդային բռնապետի կողմից) Եվրոպայի կեսին ազատություն չբերեց»,- գրում հեղինակները:
Իսկ պարոն Օբաման հայտարարեց, որ Սիրիայում զանգվածային սանությունները սկսվեցին, երբ Ասադը դաժանորեն ճնշեց խաղաղ ժողովրդավարամետ ապստամբությունը եւ, ինչպես ԱՄՆ նախագահը հայտարարեց, այդպիսի բան չի կարող տեղի ունենալ իսկական ժողովրդավարական երկրում: Հոդվածագիրների խոսքով, Օբամայի հայտարարությունն ավելի իրատեսական էր, բայց խնդիրն այն է, որ ամերիկյան ղեկավարը ռազմավարություն չունի՝ ի տարբերություն Պուտինի, որն իր խոսքերն ամրապնդում է՝ ուժ եւ Իրանի ու Իրաքի հետ պոտենցիալ դաշինք ցուցադրելով:
«Պարոն Օբամային չհաջողվեն ժամանակին արդյունավետորեն սատարել սիրիական ապտամբությունը՝ մինչ ծայրահեղականներն ամեն ինչ իրենց ձեռքը կվերցնեին»,- ասված է հոդվածում:
Հեղինակները նշում են, որ Օբաման առաջարկում է համագործակցել Ռուսաստանի եւ Իրանի հետ Սիրիայի հարցով փոխզիջում գտնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ղեկավարել Ասադից հետո կառավարությանն անցումը, ինչն անհամատեղելի է Ռուսաստանի եւ Իրանի սկզբունքների հետ: «Հնարավոր է՝ նա կարճաժամկետ է եւ ցինիկ, բայց Պուտինը, ամեն դեպքում, ծրագիր ունի: Այսքան ժամանակ անց պարոն Օբաման այն դեռեւս չունի»,- ամփոփում են հոդվածագիրները:





























