Հավաքական անվտանգության ուժերն ու միջոցները կարող են ապահովել ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների հավաքական անվտանգությունը, այդ թվում՝ նրանց ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին սեպտեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Նրա խոսքով՝ այն փաստը, որ հավաքական անվտանգության ուժերն ի վիճակի են իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները, արձանագրվել է սեպտեմբերի 15-ին՝ Դուշանբեում ՀԱԽ գագաթնաժողովի ժամանակ։ «Անձնակազմի պրոֆեսիոնալիզմը հարգանք եւ հիացմունք է առաջ բերում»,- արձանագրել է Վալերի Սեմերիկովը։
Նա միաժամանակ նշել է, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ստեղծվել են որպես կազմակերպության տարածքում ներքին խնդիրներ լուծող ուժ։ «Սակայն այսօր աշխարհում իրավիճակն այնպես է դասավորվել, որ ճգնաժամային ներուժը, որը կա այդ թվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, հարկադրում է մեզ պատրաստել մեր խաղաղապահ ուժերը շատ ավելի մասշտաբային խնդիրների համար, այդ թվում՝ ՄԱԿ մանդատի ներքո խնդիրների կատարման համար»,- նշել է Սեմերիկովը։
Այս կապակցությամբ աշխատանք է տարվում ՄԱԿ խաղաղության պահպանման դեպարտամենտի հետ, կան համապատասխան պլաններ։ Սեպտեմբերին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշում էին ստորագրել հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման վերաբերյալ, որոնք կգործեն խաղաղապահների եւ արագ արձագանքման ուժերի տեղաշարժի համար։




























