Վերապատրաստվել է «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ավելի քան 100 ուսուցիչ: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԿԳՆ-ում «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրում ընդգրկված որոշ դպրոցների տնօրենների եւ ոլորտի մասնագետների հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդիրները, մասնավորապես,  մանկավարժական կադրերի պատրաստման, դասագրքերի, ուսումնական ծրագրերի բովանդակության եւ այլ հարցեր: Նշվել է, որ 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է եւս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում:  Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է  յուրաքանչյուր մարզից 5-ական եւ  Երեւանից 50 դպրոց: 

Արմեն Աշոտյանը նշել է, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել, ուստի հաշվի առնելով  դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ` ամեն տարի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկն ընդլայնվելու է: Նրա խոսքով` փորձնական ծրագրում ներգրավվել են ազգային երգ ու պարի լավագույն մասնագետները:

«Թեեւ ծրագիրը փորձնական է, բայց իր հանրային հետաքրքրությամբ այն աննախադեպ է: Հենց սկզբից էլ ծրագիրը մեծ հնչեղություն է ստացել. հանրության ճնշող մեծամասնություն կողմ է ծրագրին: Ծրագրի նպատակն արհեստավարժ պարողներ եւ երգիչներ  պատրաստելը չէ, այլ ազգային ինքնագիտակցությամբ քաղաքացի դաստիարակելը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ կադրերի հարցը նախնական փուլում   լուծվում է վերապատրաստումների  միջոցով, սակայն հետագայում խնդիրը լուծում կստանա՝  բուհերում համապատասխան ծրագրի ներդրմամբ: Նախարարը հանձնարարել է տրամադրել հստակ տեղեկատվություն` ինչպես է առարկայի դասավանդումն ընթանում դպրոցներում, որքանով են դպրոցների նյութատեխնիկական հնարավորությունները թույլ տալիս դասավանդել այն` պարահարթակ, աուդիովիզուալ նյութեր եւ այլն:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ տվյալ ժամանակահատվածում վերապատրաստվել են ծրագրում ընդգրկված 100 նոր դպրոցների «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ուսուցիչները` 50-ը Երեւանում, 50-ը` մարզերում: Մոտ ապագայում նախատեսվում են նաեւ վերապատրատումներ ծրագրի առաջին փուլում ընդգրկված 13 դպրոցների մասնագետների համար:

Հիշեցնենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական  տարվա սկզբին,  հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝  սկսվում է հինգերորդ դասարանից եւ ավարտվում յոթերորդ դասարանում: Վերջերս ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը», համաձայն որի`  առարկային 6-րդ դասարանում  կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5  դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների եւ արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները: