Հրազդան քաղաքի բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանը, որը մեղադրվում է հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ, իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ ինքն է թրաֆիքինգի զոհ։ Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանը նշեց, որ գործով տուժող ճանաչված աղջիկներից միայն երկուսին՝ Ելենա Նիկողոսյանին եւ Նվարդ Սարդարյանին է ճանաչում, մյուս երեքին չգիտի։
«Ես էդ հարցում չկամ։ Ես 100 տոկոս մեղավոր չեմ։ Ես էդ կոմպանիայից ոչ մեկի հետ կապ չեմ ունեցել»,-վստահեցրեց Հերիքնազը։
Հերիքնազ Խաչատրյանի խոսքով՝ ինքը եւ Ելենա Նիկողոսյանը ժամանակին մտերիմ են եղել, նրա հետ ծանոթացել է ծանոթներից մեկի տանը՝ խնջույքի ժամանակ։
Հերիքնազը 2006թ. Թուրքիա է մեկնել Ելենայի շնորհիվ։ Վերջինը, ըստ Հերիքնազի, վստահեցրել է, որ ինքը իր ծանոթներից մեկի տանն է աշխատելու։ Հերիքնազը մեկնել է՝ միայն Թուրքիայում պարզելով, որ իրեն մարմնավաճառության են ուղարկել։
«Հասա Թուրքիա, ասեցի՝ ի՞նչ եմ անելու, ասեց՝ հեսա ամուսնուս ընկերոջ հետ պիտի դուրս գաս, ասեցի՝ լեզու չգիտեմ։ Մտածեցի՝ ուրիշ տուն պետք ա գնամ աշխատելու, գնացի։ Թուրք տղեն ասեց՝ ոնց ասեմ, պիտի անես, սկսեցի լացել, հեռախոս ուզեցի, չտվեցին, փորձեցի փախուստի դիմել, չստացվեց։ Հետո ինձ երկու աղջկա հետ տարան հյուրանոց, էդ աղջիկներն ասեցին՝ Հերիքնազ ջան, ընկել ես, պիտի քաշես։ Մոտ երկու ամիս տառապանքների մեջ ապրեցի։ Ուզում էի հետ գալ, ասեցի՝ ձեր բերած գործով չեմ աշխատելու»,- պատմեց Հերիքնազը՝ ավելացնելով, որ անձնագիրն իր ձեռքից վերցրել էին։
Հերիքնազը նաեւ պատմեց, որ խորամանկության դիմելով, ինքը համաձայնել է Թուրքիայից Դուբայ մեկնել իբրեւ մարմնավաճառությամբ զբաղվելու, հասել է Դուբայ եւ օդանավակայանում շրջանցել է իրեն դիմավարողներին, նստել տաքսի եւ հայերեն-անգլերեն զրուցարանի միջոցով վարորդին բացատրել է, որ հյուրանոց է ուզում գնալ։
Ըստ Հերիքնազի՝ հյուրանոցում 3 օր է մնացել, 3-րդ օրը ծանոթացել է Ստեֆան Գիրիչ անունով մի գերմանացու հետ, որը երկար ժամանակ նրան օգնել է, առաջարկել է իր հետ ապրել։
1 տարի անց Դուբայում խանութ գնալիս ձերբակալվել է, որ քանի որ անհրաժեշտ փաստաթղթեր չի ունեցել, նրան արտաքսել են Դուբայից։ Ապա Հերիքնազը, իր խոսքով, մեկնել է Ռուսաստան, որտեղ մի հայ կին է օգնել, 1 տարի ապրել է նրա տանը, աշխատել նրա ծաղկի խանութում, վերադառնալով Հայաստան` կրկին մեկնել է Թուրքիա քրոջ՝ Կարինեի մոտ աշխատելու՝ կոշիկներ եւ այլ ապրանք է ուղարկել Հայաստան։
Հերիքնազ Խաչատրյանը այս ամենը պատմեց` փորձելով հիմնավորել իր պնդումները, որ նույն գործով 11 տարվա ազատազրկման դատապարտված քրոջ՝ Բավական Խաչատրյանի հետ չի մասնակցել աղջիկներին Դուբայ տանելու նպատակով հավաքագրմանը, քանի որ ինքն այդ ժամանակահատվածում այնտեղ չի եղել։
Նշենք, որ Բավական Խաչատրյանը, որն ավելի վաղ ցուցմունք էր տվել, թե քրոջ հետ միասին է թաֆիքինգով զբաղվել, իսկ ավելի ուշ դատարանում հայտարարել էր, թե քննիչների ճնշումների ներքո է նման ցուցմունք տվել, եւ քույրն իրականում այդ գործի հետ կապ չունի, ասել էր, որ աղջիկներին խաբել է, թե քույրը Դուբայում է` միայն նրանց վստահությունը շահելու նպատակով։
Պաշտպանական կողմը դատական նիստին միջնորդեց դատարան հրավիրել նոր վկաների, որոնք, ըստ պաշտպանների, կհաստատեն, որ Հերիքնազը եւ Բավականը ընդհարված են եղել, եւ ամբաստանյալն այդ ժամանակ ոչ թե Դուբայում, այլ Ռուսաստանում է եղել։ Միջնորդությունը բավարարվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին։
Նշենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը: Նույն գործով Հերիքնազի քույրը` Բավական Խաչատրյանն արդեն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։




























