Աֆղանստանի կառավարական զորքերը հետ են գրավել Քունդուզ քաղաքի առանցքային կետերը, որոնք ավելի վաղ գրավել էին «Թալիբանի» գրոհայինները: Կառավարության տվյալներով, հանակը կարողացել է գրոհայիններին զգալի վնասներ հասցնել: Դեռեւս թալիբները այս առթիվ տեղեկատվական ակտիվություն չեն ցուցաբերել, բայց սոցիալական կայքերում հայտնվել են լուսանկարներ, որտեղ կառավարական զորքերը Քունդուզի թաղամասերում են, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով BBC News-ը:
Հաղորդվում է, որ բանակը հետ է գրավել նահանգապետի նստավայրը, ոստիկանության բաժանմունքը եւ հետախուզական ծառայության շենքը: Մարտերը քաղաքում շարունակվում են մինչ օրս:
Գրոհայինները Քունդուզը գրավել են սեպտեմբերի 28-ին: Դա նրանց չէր հաջողվում 2001 թվականից: Աֆղանստանի վարչապետը Քունդուզի գրավման հետ կապված շտապ լքել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանը եւ վերադարձել տուն:





























