Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տաշիր» խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա այս խնդրի առնչությամբ, մասնավորապես, հայտարարել է հետեւյալը.

«Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը Հայաստանի Հանրապետության նախագահի հետ եւ որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա: 

Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը:

Քանի որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով ՏԱՇԻՐ խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման եւ էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ ՏԱՇԻՐ խմբի կազմում գործող Կասկադ-Էներգո ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը ՌԴ-ում, Հայաստանի իշխանությունները դիմել էին ՏԱՇԻՐ խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը:

Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում ՏԱՇԻՐ խումբը բանակցեց եւ արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, ՏԱՇԻՐ խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում եւ իջեցնել տեխնոլոգիական եւ առեւտրային կորուստները: Միաժամանակ, ՏԱՇԻՐ խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչեւ 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության եւ փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:

Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի եւ ամսական միչեւ 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:

Հանձնարարում եմ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով Տաշիր խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով»: