Երեւանի բնակիչ, 62-ամյա Աշոտ Ս.-ն մեղադրվում է ծծմբական թթվով տարան նախկին փեսայի դեմքին լցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Ս.-ն հուլիսի 6-ին հանդիպել է երեխային տեսակցելու նպատակով իր տուն այցելած՝  դստեր նախկին ամուսնուն՝ Արտակ Ա.-ին: Երեխայի քնած լինելու պատճառով Աշոտ Ս.-ն առաջարկել է նրան իջնել նկուղային հարկում գտնվող իր արհեստանոցը, որտեղ միասին սրճել են: Զրույցի ընթացքում Աշոտ Ս.-ն արգելել է նրան այսուհետեւ այցելել իր բնակարան, տեսակցել երեխային, ինչին հակադրվելով վերջինս արտահայտել է վիրավորական խոսքեր, որը վրդովեցրել է Աշոտ Ս.-ին: Նա վերցրել է սեղանին դրված ծծմբական թթվով լի տարան եւ այն լցրել նախկին փեսայի դեմքին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Աշոտ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: