Սեպտեմբերի 3-ին հակառակորդի գնդակից զոհված 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանի կարիքավոր ընտանիքին օգնելու նպատակով նախաձեռնված հանգանակության արդյունքում 2 մլն. դրամից ավելի գումար է փոխանցվել Թեւոյանի կնոջ՝ Ջավահիր Թեւոյանի անունով բացված հաշվեհամարին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց հանգանակության նախաձեռնող Սմբատ սարկավագ Խանվելյանը՝ ավելացնելով, որ գումարային օժանդակությունից բացի ընտանիքին տրամադրվել է նաեւ կենցաղային տեխնիկա, լուծվել է ջրի խնդիրը:

«Մենք բազմաթիվ տեղերից օգնություն ենք ստացել: Հիմա փորձում ենք մեր «Հույս հային» բարեգործական նախաձեռնության միջոցներով օգնենք, որ Թեւոյանների անբարեկարգ տունը վերանորոգվի, շինանյութ կտրամադրենք ընտանիքին: Տունը շատ վատ վիճակում է»,-ասաց Սմբատ սարկավագ Խանվելյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը նշեց, որ ռուսաստանաբնակ մի քանի նորաշենցիներ Թեւոյանների ընտանիքն ապահովել են ձմռան վառելափայտով, գտնվել է բարերար, որը ստանձնել է Արթիկի քոլեջում սովորող Հայկ Թեւոյանի 18-ամյա դստեր ուսման վարձը վճարելու պարտականությունը:

Գյուղապետի խոսքով՝ ԱՄՆ-ից մի բարերար 3 մլն. 200 հազար դրամի չափով նվիրատվություն է արել, որով կկառուցվի Թեւոյանների անբարեկարգ տունը: 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը հակառակորդի գնդակոծության հետեւանքով սպանվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը: Պայմանագրային զինծառայողը 5 երեխա ունի` որից 3-ն անչափահաս են, ընտանիքն  էլ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, նպաստառու է: Հայկ Թեւոյանը ընտանիքի միակ աշխատողն էր:

Հայկ Թեւոյանը Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության եւ անձնական արիության համար հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով: