Ֆրանսիան հետաքննություն է սկսել գերմանական Volkswagen կոնցեռնի նկատմամբ եւ կարող է տուգանել ավտոարտադրողին, եթե վերջինիս մեղավոր ճանաչի սպառողներին խաբելու համար։

Հետաքննությունը, որն անցյալ շաբաթ նախաձեռնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունը, կենտրոնանում  է դիզելային շարժիչով աշխատող մեքենաների վրա, որոնք ԱՄՆ-ում սկանդալի առիթ են դարձել։ Հետաքննությունը կտեւի նվազագույնը մինչեւ  նոյեմբերի  վերջը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Բլումբերգին։

Ավելի վաղ Volkswagen-ը խոստովանել էր, որ ձեռնածություն է արել ԱՄՆ-ում դիզելային շարժիչով աշխատող մեքենաների կողմից թունավոր արտանետումների ցուցիչների վերաբերյալ։ Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են հետագայում ստուգել նաեւ այլ ավտոարտադրողների, ներառյալ Renault-ն եւ Peugeot Citroen-ը։

Ըստ Ֆրանսիայի օրենսդրության, սպառողներին խաբելու համար մեղավոր ճանաչված ընկերության դեմ կարող են պատժամիջոցներ կամ տուգանք կիրառվել։