ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, պարզվում է, տեղյակ չէ Ադրբեջանում կայանալիք ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից դիտորդներ չուղարկելու եւ դրա պատճառների մասին: Նման խոստովանությամբ նա հանդես է եկել ԵԽԽՎ լիագումար նիստում:

Մասնավորապես, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վուչիչին հարց է ուղղել՝ նշելով. «Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշել է դիտորդական առաքելություն չուղարկել Ադրբեջան, քանզի այդ երկիրը ցանկանում էր կրճատել դիտորդների թիվը, ինչը ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունների խախտում է,  ուստի ստեղծված իրավիճակում ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու սերբական նախագահությունն Ադրբեջանի կողմից պարտավորությունների նման խախտման դեպքում»:

Սերբիայի վարչապետն աննախադեպ պատասխան է տվել է. «Դա ինձ համար ամենաբարդ հարցն է։ Անկեղծ ասած՝ ես բոլոր հարցերի մասնագետ ինձ չեմ համարում, չնայած իմ երկրում կան շատ տաղանդավոր մարդիկ, որոնք իրենց ամեն հարցով էքսպերտ են համարում։ Այդ մասին ես ոչինչ չգիտեմ,  եթե իմանայի՝ կպատասխանեի։ Անհարմար կլինի, որ ես հիմա ձեւ անեմ ու ասեմ, թե ինչ որ բան գիտեմ։ Ես էքսպերտ չեմ բոլոր համաշխահային ճգնաժամերը լուծելու հարցում»: