Այսօր` օգոստոս 26-ին, Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկել է Մայր Թերեզայի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնախմբությունը:

Կաթոլիկ մի քանի կազմակերպություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ` Կալկաթայի արքեպիսկոպոս Լուկաս Սարքարի նախագահությամբ, կազմակերպել են Մայր Թերեզայի անվան երրորդ միջազգային կինոփառատոնը, որը կտեւի օգոստոս 26-29-ը: Կինոփառատոնը միաժամանակ կանցկացվի նաեւ 17 երկրներում, այդ թվում`Վատիկանում, Ճապոնիայում, Հոնկոնգում, Թայլանդում:

Գթության քույրն ապրել է Կալկաթայում, հիմնադրել Գթության միաբանությունը, որը նրա մահից հետո էլ շարունակում է իր մարդասիրական առաքելությունը: Կալկաթայում  գտնվող Մայր Թերեզայի տուն-թանգարանը, ուր ամփոփված է նրա աճյունը, ուխտատեղի է դարձել  տեղացիների եւ այցելուների համար:

Իր գործունեության համար Մայր Թերեզան ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ: 2003-ին կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքը:

Ստորեւ ներկայացնում ենք Մայր Թերեզայի 10 թեզերը.

1 Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան ու եսասեր, միեւնույնն է՝ ներեք նրանց:

2 Եթե Դուք բարություն եք գործել եւ մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրության մեջ, միեւնույնն է՝ բարություն գործեք:

3 Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ եւ իսկական թշնամիներ: Միեւնույնն է՝ ձգտեք հաջողության:

4 Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն ձեզ, միեւնույնն է՝ մնացեք ազնիվ եւ անկեղծ:

5 Այն, ինչը որ տարիներ շարունակ դուք կառուցել եք կարող է ավերվել մեկ ակնթարթում, միեւնույնն է՝ շարունակեք կառուցել:

6 Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միեւնույնն է՝ մնացեք երջանիկ:

7 Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միեւնույնն է՝ բարիք գործեք:

8 Կարեւոր չէ թե ո՞վ եւ ի՞նչ է խոսում Ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրանց ժպիտով եւ շարունակեք կատարել Ձեր գործը:

9 Եթե Ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է դա նրանց երբեք չի բավականացնի, միեւնույնն է՝ շարունակեք կիսել նրանց հետ Ձեր լավագույնը:

10 Աղոթեք միասին եւ մնացեք միաբան: