Ֆրանսիական «La Croix» պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում թեմային: Ստորեւ ներկայացնում ենք Օլիվիե Տալլեսի հոդվածի հայերեն թարգմանությունը.
«Լեռնային Ղարաբաղում՝ պատերազմի եւ խաղաղության միջեւ»
Չնայած միջազգային ճանաչման բացակայությանը՝ Ադրբեջանի Հանրապետության նախկին ինքնավար մարզը հետզհետե վերածվում է Պետության: Գիշեր թե ցերեկ, դասակի հրամանատար Էդուարդը եւ նրա զինվորները` բոլորը Լեռնային Ղարաբաղի հայեր, ադրբեջանական հարթավայրի նկատմամբ բարձրադիր դիրքում գտնվող իրենց բունկերի նեղ ճեղքից հետեւում են թշնամուն: Հեռադիտակով մոտ 100 մետր ներքեւում նկատվում են ադրբեջանցի զինվորների թաքստոցները: «Անցած գիշեր ադրբեջանցիները կրակել են մեր ուղղությամբ»,- հավաստում է զինվորներից մեկը: Հայերի կողմից վերահսկվող եւ Ադրբեջանի կողմից պահանջվող Լեռնային Ղարաբաղի սարերում զենքերը կարող են հնչել ցանկացած պահի:
Դասակի հրամանատար Էդուարդը հսկողություն է իրականացնում փշալարերով եւ ականապատված դաշտով պաշտպանված առաջնագծային մի դիրքում, որտեղ տեղադրված են կրակակետեր եւ հրանոթների համար նախատեսված տարածքներ:
Լեռնային Ղարաբաղի արեւելյան սահմանին տեղակայված այս դիրքը կառուցվել է ինքնավար մարզի հայ բնակչության կողմից Բաքվի իշխանությունների դեմ Երեւանի օժանդակությամբ մղած անջատողական պատերազմի տարիներին : 1991-1994 թթ մահացու հակամարտությունից հետո, որում հաղթել են հայերը, երկու բանակները տասնյակ կիլոմետր երկարությամբ պաշտպանություն են կառուցել շփման գծի ամբողջ երկայնքով:
«Մենք մեծ ջանքեր ենք գործի դնում ժողովրդավար Պետություն կառուցելու համար»
Պատերազմի եւ խաղաղության միջեւ, խրամատներում օրերը հաջորդում են միմյանց՝ առանց հակամարտության խաղաղ կարգավորման որեւէ հեռանկարի: Բանակցություններում առաջընթաց չկա: Ադրբեջանն առաջ է քաշում Պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, որը երաշխավորվում է ՄԱԿ-ի կողմից: Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը մատնացույց են անում ազգերի ինքնորոշման իրավունքը, որը նույնպես իր տեղն ունի ՄԱԿ-ի Խարտիայում եւ հիշեցնում են, որ մարզը Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությանն է տվել Ստալինը 1921թ.՝ առանց խորհրդակցելու ճնշող մեծամասնությամբ հայերից բաղկացած բնակչության հետ:
Պատերազմական գործողությունների ավարտից քսան տարի անց ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բակո Սահակյանը 150000 բնակչություն ունեցող եւ թղթի վրա գոյություն չունեցող այս Պետության նախագահն է: «Իհարկե, միջազգային ճանաչումը զգալի կերպով կազդեր մեր կյանքի, մեր տնտեսության եւ զարգացման վրա», - մեկնաբանում է նախկին այս ազատամարտիկը, ով մեզ ընդունում է անձնական բնույթ չկրող իր աշխատասենյակում՝ առանց որեւէ ձեւականությունների: «Սակայն մենք մեծ ջանքեր ենք գործի դնում ժողովրդավար Պետություն կառուցելու համար», - շարունակում է նա:
«Երեխաներ ունենալ նշանակում է պաշտպանել հայրենիքը»
Նախկին ռուսական կայսրության հարավային ծայրամասում գտնվող Լեռնային Ղարաբաղը իր դաշտերով, սարերով եւ վայրի անտառներով՝ ֆրանսիական գյուղատնտեսական մի տարածքի է նման: Չնայած իր անորոշ ապագային եւ ադրբեջանցի թշնամու եւ հայաստանցի մեծ եղբոր միջեւ շրջափակված լինելու հանգամանքին՝ երկիրը դանդաղորեն մոդեռնիզացվում է: Այստեղ կառուցում են ճանապարհներ, դպրոցներ, բուժկետեր, ջրագծեր՝ չմոռանալով տեղադրել սփյուռքահայ բարերարների անուններով ցուցանակներ: Ժամանակը հետզհետե ջնջում է ադրբեջանցիների ներկայության հետքերը: Տարածքում մի ժամանակ ապրած ադրբեջանցիների դատարկ տները խաղահրապարակ են դարձել երեխաների համար:
Դեպի ետ վերադարձը անհնարին դարձնելու համար իշխանությունները խրախուսում են սփյուռքից նոր քաղաքացիների հաստատումը, կազմակերպում ամուսնություններ եւ խթանում բնակչության աճը՝ ծննդյան նպաստների միջոցով: «Երեխաներ ունենալ նշանակում է պաշտպանել հայրենիքը»,- ասում է լեյտենանտ Գրիգորը, ով իր ամուսնության օրը 600 եվրո է ստացել օտարեկրյա մի հովանավորից:
«Լեռնային Ղարաբաղը սոցիալապես առավել հավասարակշռված է»
Իր մաքուր շենքերով եւ ծառապատ փողոցներով մայրաքաղաք Ստեփանակերտը կարծես վարչական շրջկենտրոն լինի: Ազգային ժողովին կից ռեստորանում կարելի է հանդիպել հայ առաքելական եկեղեցու մի քահանայի՝ նստած վարչապետի, քաղաքապետի, նախագահի կամ մի գեներալի հետ՝ անտարբեր անցորդների աչքի առաջ՝ Երեւանի օլիգարխների աչքի զարնող ճոխությունից հեռու: «Լեռնային Ղարաբաղը սոցիալապես առավել հավասարակշռված է, այստեղ կաշառակերությունը պակաս է, իսկ երկիրը ավելի լավ է ղեկավարվում քան մեզ մոտ», - նշում է մի հայաստանցի լրագրող:
Երեւանյան բազմաթիվ լրատվամիջոցներ այս օրերին եկել են մասնակցելու ֆրանսախոսության կենտրոն Պոլ Էլուարի տան խորհրդանշական հիմնարկեքին: Արարողությունը տեղի է ունենում ֆրանսիական խորհրդարանականներից, քաղաքապետերից, համայնքային խորհրդականներից, ֆրանսահայ միությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության ներկայությամբ՝ Ֆրանսիական օրեր Արցախում առաջին փառատոնի շրջանակներում: Ֆրանսիայի վեց համայնքներ ստորագրել են Բարեկամության հռչակագրեր անջատողական այս հանրապետության քաղաքների հետ՝ չնայած ֆրանսիական իշխանությունների նախազգուշացումներին:
«Հայաստանի հետ միավորվելու հարցը օրակարգում դրված չէ»
Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համար ֆրանսիական եռագույնով քաղաքական գործիչների խորհրդանշական այցը Ստեփանակերտ երկրի դիվանագիտական եւ տնտեսական մեկուսացումը խափանելու փորձ է: Հիմնականում գյուցատնտեսական այս երկիրը, որի առաջին գործատուն բանակն է, դժվար թե կարողանար գոյատեւել առանց Երեւանի աջակցության, որը ապահովում է երկրի գործունեության համար անհրաժեշտ բյուջեի մոտ կեսը, ինչպես նաեւ ռազմական ծախսերն ամբողջությամբ: «Հայաստանի հետ միավորվելու հարցը օրակարգում դրված չէ», - զգուշորեն ասում է Բակո Սահակյանը : Սակայն իր համաքաղաքացիների, ինչպես նաեւ աշխարհի բոլոր հայերի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղը ազգային հարց է: «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է», - հիշեցնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով ծնունդով Ստեփանակերտից է:
Սեպտեմբերի 26-ին սահմանին ընդհարումների արդյունքում 4 զինվորի մահվանից հետո Երեւանը սպառնում է Բաքվին, դրանից երկու օր անց՝ Ադրբեջանը հայտարարում էր իր 3 զինվորի մահվան մասին:
«Իշխանությունները շահագրգռված են պահպանել լարվածությունը»
Հրադադարի խախտման դեպքերի աճը, ինչպես նաեւ ծանր հրանոթային զենքերի գործածումը ոչ միայն շփման գծում այլ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ուղղակի սահմանին՝ անհանգստացնում են օտարերկրյա դիվանագետներին: «Երկու երկրներում էլ իշխանությունները շահագրգռված են պահպանել լարվածությունը՝ ներքին խնդիրները՝ այդ թվում կաշառակերությունը թաքցնելու նպատակով», - ասում է Կովկասի մի մասնագետ:
Գազի եւ նավթի շնորհիվ հարստացած բռնատեր նախագահ Իլհամ Ալիեւը չի հաշվում ադրբեջանական բանակը նորացնելու համար ծախսած գումարները՝ միաժամանակ շողոքորթելով հանրային կարծիքը, որը այդպես էլ չի մարսել ինքնիշխան նահանգի եւ դրան հարակից տարածքների կորուստը: «Մենք չունենք մեր հարեւանի ֆինանսական հնարավորությունները, - հանգիստ նշում է Բակո Սահակյանը, - սակայն մենք պաշտպանում ենք մեր հողը եւ մեր գոյությունը»:




























