Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող «Օֆշորի» հայտնի գործի շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կրկին շրջանառվել են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները:
NEWS.am-ի հետ զրույցում տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Ինգա Ավագյանը նշեց, որ դատարանում գործի բացահայտմանը նպաստող նշանակալի ցուցմունք է տվել ԱՄՆ քաղաքացի, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արփի Բալյանը, որը ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին թարգմանչական ծառայություն է մատուցել։
Նա դատարանում պատմել է, որ Կիպրոսում օֆշորային ընկերություն բացելու համար նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենը ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին է փոխանցել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Արփի Բալյանը Աշոտ Սուքիասյանի հետ մեկնել է Կիպրոս, որպեսզի օգնի նրան Կիպրոսում ադամանդի հանքի շահագործման վերաբերյալ պայմանագրեր կնքելիս։ Այնտեղ հասկացել է, որ գործընթացին ներգրավված է եւս մեկ ընկերություն, որի վերաբերյալ փաստաթղթերում նա տեսել է Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի անձնագրերի պատճեները։
«Կիպրոս հասնելով՝ Բալյանը անակնկալի է գալիս, երբ Սուքիասյանի փաստաթղթերի մեջ տեսնում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի անձնագրերի պատճեները: Սուքիասյանին հարցրել է, թե դրանք ի՞նչ գործ ունեն այդ փաստաղթերում, Աշոտը պատասխանել է՝ վարչապետը տեղյակ չէ: Այն հարցին, թե ինչ կարգով է անձնագրի պատճեն հայտնվել Սուքիասյանի մոտ, վերջինը պատասխանել է` Կճոյանի միջոցով, նա բերել է եւ իր, եւ վարչապետի անձնագրերի պատճեները»,- իր ցուցմունքում նշել է Արփի Բալյանը:
Տուժողի ներկայացուցիչների հարցին, թե Արփի Բալյանը վարձատրվել է արդյոք Աշոտ Սուքիասյանին օգնելու դիմաց, վկան պատասխանել է, որ չի վարձատրվել, ցանկացել է աջակցություն ցուցաբերել հայրենիքին, ինչը, ըստ նրա, միանգամայն հնարավոր էր այս ծրագրի իրականացման շրջանակում:
Դատական նիստին այլ վկաներ չեն հարցաքննվել: Նիստը հետաձգվել է: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:
Գործով միակ մեղադրյալն այս պահին գործարար Աշոտ Սուքիասյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Ներկայում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային գործին: Միաժամանակ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Տիգրան Սարգսյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի, որով նախկին վարչապետը պահանջում է հերքել լրատվամիջոցներում իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք նա համարում է զրպարտություն, և հասցված բարոյական վնասի դիմաց 1 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցել:




























