«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը կմիանա սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատին, եթե իրեն հրավիրեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում իր հրավիրված «Ոչ հանրաքվեին» կարգախոսով հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Անի Զախարյանը:
«Կմիանամ «Ոչ»-ի ճակատին, եթե ինձ հատուկ բացիկ ուղարկեն, ես բարձրաշխարհիկ տիկին եմ, ես սխալ եմ համարում առանց հրավերի ինչ-որ տեղ գնալը»,-ասաց նա։
Անի Զախարյանը նշեց, որ Հայաստանում հարկավոր է իշխանափոխություն եւ դրա համար հարկավոր է փակել Բաղրամյան պողոտան մինչեւ Ազգային ժողով ընկած տարածքը, վրաններ տեղադրել, ամիսներ շարունակ մնալ փողոցում եւ պայքարել:
Զախարյանը պայքարելու է, որ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը հաջորդ գումարման խորհրդարանում ներկայացված լինի, սակայն նախագահ դառնալու պլաններ չունի, պատրաստվում է մայրանալ։
Հարցին` ինչու է հանրահավաքին ընդամենը մի քանի մարդ եկել, Անի Զախարյանն ասաց, որ ինքը հեռուստատեսությամբ քիչ է երեւում, իրեն հարթակ չեն տրամադրում։
Հանրահավաքից հետո «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բարձրախոսով իրազեկման երթ անցկացրեց՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների։
Նշենք, որ Անի Զախարյանը պատրաստվում է հանրահավաքներ անցկացնել նաեւ Հայաստանի այլ մարզերում:




























