2003 թվականից մեկնարկած Եվրամիության Եվրոպական հարեւանության քաղաքականությունը (European Neighborhood Policy) մեծ ձախողում էր: Այս մասին Փոլ Թեյլորը գրել է Reuters գործակալությունում հրապարակված հոդվածում:
«Ընկերների շրջանակ» ստեղծելու՝ Եվրամիության երազանքը, ըստ հեղինակի, իսկական մղձավանջի է վերածվել, քանի որ այդ շրջանակի սահմաններից դուրս հակամարտությունները նպաստեցին դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքին: «Ի տարբերություն արեւելյան ընդլայնման, որը նախկին կոմունիստական երկրներին օգնեց վերածվել բարգավաճող շուկայական ժողովրդավարության, 2003 թվականին մեկնարկած Եվրոպական հարեւանության քաղաքականությունը մեծ ձախողում էր: Այդ ծրագիրն արեւելքի եւ հարավի 16 երկրների Եվրամիության ժողովրդավարական, վարչական եւ տնտեսական նորմերն ընդունելու դիմաց գումար, տեխնիկական աջակցություն եւ դեպի շուկա ելք առաջարկեց, բայց ոչ անդամակցություն»,- ընդգծել է հոդվածագիրը:
«Երբ դիտարկում ենք ներկա իրավիճակը, դժվար է չեզրակացնել, որ մենք շրջապատված ենք ոչ թե «ընկերներով շրջանով», այլ «կրակի շրջանով»,- Շվեդիայի նախկին վարչապետ եւ ԱԳ նախարար Կառլ Բիլդտի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Փոլ Թեյլորի համոզմամբ, ԵՄ շրջապատի կայունացման եւ ժողովրդավարացման ձախողման պատճառներից են նաեւ Բրյուսելի վերահսկողությունից դուրս գտնվող ուժերը. Խորհրդային միության փլուզման պատճառով Ռուսաստանի վրդովմունքը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում քաղաքական եւ միջկրոնական տարաձայնությունները: ««Արեւելյան գործընկերության» անդամ 6 երկրներից 5-ը՝ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանն ու Ադրբեջանը, թուլացել են չլուծված «սառեցված հակամարտությունների» արդյունքում, որոնցում Մոսկվան դեր ունի: Իսկ վեցերորդ երկիրը՝ Բելառուսը, այնքան բռնապետական է, որ արժանացել է ԵՄ պատժամիջոցներին եւ դուրս է մնացել ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կնքելու գործընթացի շարունակությունից»,- նշված է հոդվածում:
Ըստ հեղինակի, ԵՄ պաշտոնատար անձիք արդեն խոստովանում են, որ հարեւան երկրների ներգրավմանն ու ձեւափոխմանն ուղղված շրջանակները հենց սկզբից խափանվեցին՝ ծիծաղելի ամբարտավանության եւ միամտության պատճառով: «ԵՄ մոտեցումը չափազանց քիչ բան էր առաջարկում՝ ի տարբերություն բազմաթիվ նախապայմանների եւ խիստ վերահսկողության, որը Մինսկի եւ Բաքվի, Կահիրեի եւ Ալժիրի բռնակալ առաջնորդներն ու տեղական օլիգարխները բնազդաբար սպառնալիք էին համարում իրենց շահերին: Այդ մոտեցումը ենթադրում էր, որ Հյուսիսային Աֆրիկայի կամ Հարավային Կովկասի երկրների խմբերը համագործակցելու եւ առեւտուր են անելու միմյանց հետ, երբ իրականում նրանք միասին աշխատելու ցանկություն չունեին»,- փաստում է Reuters-ը:
Ներկայում ԵՄ Հարեւանության քաղաքականությունը, Փոլ Թեյլորի խոսքով, հիմնավորապես վերանայվում է՝ անցում կատարելով ավելի համեստ, ճկուն եւ տարբերակված մոտեցումների, որոնք կներկայացվեն նոյեմբերի 17-ին: Մնում է տեսնել, արդյո՞ք նոր մոտեցումներն ավելի արդյունավետ կլինեն:
Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան, ներկայում Եվրոպական բարեփոխումների կենտրոնի փորձագետ Յան Բոնդը ԵՄ ներկա քաղաքականությունը կոչում է «անհետեւողականության եւ ցանկալին իրականություն ներկայացնելու անկարգություն»:
«ԵՄ հարեւանների շրջանակը պետք է սպասի լավագույն ժամանակների: Ներկայում Եվրամիությունը ցանկանում է պաշտպանված լինել ջրհեղեղներից»,- ամփոփել է Փոլ Թեյլորը:





























