Ադրբեջանը ներկայումս հակված է ղարաբաղյան հակամարտության գոտի ռուս խաղաղապահներ մտցնելու գաղափարին։ Այս մասին հոկտեմբերի 2-ին՝ «Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի նախկին ղեկավար Աղասի Ենոքյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասկանում է, որ դա պատերազմ սկսելու իր վերջին շանսն է՝ հաշվի առնելով նավթի գների անկումը։ «Ադրբեջանում կենսամակարդակի կտրուկ անկումը կարող են արդարացնել միայն պատերազմով»,- ընդգծել է Ենոքյանը։
Նա նշել է, որ զինադադարի ընթացքում Ադրբեջանը դեմ էր ռուս խաղաղապահներ մտցնելուն։ «Իսկ հիմա հասկանում է, որ ռուսների ձեռքով կարելի է Ղարաբաղից մի կտոր պոկել։ Ադրբեջանը հասկանում է, որ ռուսական զորքերն այնտեղ երկար չեն մնա։ Մյուս կողմից Ռուսաստանն էլ իր հերթին շահագրգռված է հակամարտության սրման մեջ»,- հավելեց Աղասի Ենոքյանը։




























