Ադրբեջանի խնդիրն է ղարաբաղյան հակամարտության գոտում սառեցնել ստատուս քվոն։ Այս մասին հոկտեմբերի 2-ին՝ «Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումը։ «Այն ամենը, ինչ նրանք անում են, անում են, որպեսզի բոլորին՝ միջազգային հանրությանը, տարածաշրջանային տերություններին եւ Հայաստանին ստիպեն ընդունել իրենց դիրքորոշումը։ Դա չի լինելու»,- ընդգծեց Սարգսյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, Ռուսաստանից զենք է գնում։ «Զենք գնելն իհարկե պետք է հանգեցներ Ադրբեջանի կողմից ծանր զինտեխնիկա կիրառելուն։ Նրանք գնում են այդ ուղղությամբ։ Այդ պատճառով ես այստեղ հստակ ռազմավարություն եմ տեսնում. Ադրբեջանը հետ չի կանգնի այդ գծից»,- նշեց Մանվել Սարգսյանը։




























