ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայերին հուզող բոլոր խնդիրները: Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթին: 

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է երկու կարեւորագույն հարցի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց:

«Հիմնահարցի վերաբերյալ Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը հստակ ձեւով ասաց այն, ինչ մինչեւ այդ հայտարարել էր Հայաստանում. Ադրբեջանն իր լկտիությունների միջոցով ոտնձգություններ է կատարել, որպեսզի կարողանա իր երկրի ներսում ճնշի հասարակական ցասումը: Հոգիս փառավորվեց, երբ Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե շարունակի Ադրբեջանն իր վարած քաղաքականությունը,  մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական եւ ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»,- ասաց Մկրտիչ Մինասյանը՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում դարձել է գործոն:

Լրագրողների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ԼՂՀ-ն Հայաստանի մի մասն է կազմում, քննադատության է արժանանում փորձագետների կողմից, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես մի քանի անգամ լսել եմ, նախագահը նշել է, որ անվտանգության առումով ռազմաքաղաքական մոտեցումները նույնն են»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։