Ադրբեջանին ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի իրավիճակը։ Այդ մասին հոկտեմբերի 2-ի «Լարվածության նոր փուլ  հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում»  թեմայով քննարկմանը հայտարարել է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։

Նրա համոզմամբ հենց դա է  պատճառը, որ իրավիճակի վրա ազդելու Ադրբեջանի միակ լծակը պատերազմականն է։ «Դա միջադեպերն են, հրադադարի ռեժիմի խախտումները։ Եվ մինչեւ  հիմա դա լուրջ խնդիր է բոլորի համար»,-ընդգծել է Թոմաս դե Վաալը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 25-ին 17.30-ին   ադրբեջանական զինված ուժերը  թուրքական արտադրության TR-107  համակարգերից հրթիռա-հրետանային կրակ են բացել Ղարաբաղի պաշտպանական բանակի զորամասերից մեկի վրա, որը տեղակայված է հյուսիս-արեւելյան ուղղությամբ։ Հրետակոծության հետեւանքով 4 մարդ զոհվել է, 16 զինվորական բեկորային վնասվածքներ է ստացել։ Նախիջեւանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը հոկտեմբերի 1-ին 22.30-ին հայկական կողմի համար անհայտ պատճառով փորձել է խախտել Հայաստանի հարավ-արեւմտյան սահմանը հայկական Երասխ գյուղի ուղղությամբ։ Բայց հակառակորդի փորձը նկատվել է միջդիրքային տարածքում եւ կասեցվել Հայաստանի ԶՈՒ-ի կողմից, փոխհրաձգության արդյունքում հակառակորդը նահանջել է։