Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կայացած նիստում կրքերը թեժացել են: Նշենք, որ հանձնաժողովը քննարկում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագիրը քառօրյա նիստում ընդգրկելու հարցը, որտեղ հիմնական զեկուցողը ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանն է:
Պատգամավորները նրան հարցեր են ուղղել Հայաստանում աղքատության ցուցանիշի, բնակչության թվաքանակի դինամիկայի վերաբերյալ: Նիստին է միացել նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւ սկսել հարցեր ուղղել Մնացականյանին, որը վերածվել է բանավեճի:
Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ քանի որ կրքերը թեժանում են, ճիշտ կլինի` պատգամավորները հարցեր ուղղեն օրենքի վերաբերյալ:
Ի պատասխան՝ Բագրատյանը հայտարարել է, որ Վարդան Այվազյանը չի թողնում, որ պատգամավորներն իրենց հարցերը ուղղեն: «Եկած-չեկած` սկսեցիք գոռգոռալը»,- դիմելով Հրանտ Բագրատյանին, նշել է Այվազյանը, ինչին Բագրատյանը հակադարձել է. «Որ դու չգոռայիր, մենք չէինք գոռա: Այ ցավդ տանեմ, թող էս նիստերը կայանան, ինչի՞ ես պաշտպանում նրան»:




























