Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը փորձում է գլուխ հանել բազմաթիվ դատական հայցերից, որ գալիս են ամբողջ աշխարհի կարգավորող մարմիններից եւ մեքենաների սեփականատերերից․ հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով, Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել տեղի տրանսպորտային տեսչության հայցի հիման վրա, որն ընկերությանը մեղադրում է քաղաքացիների առողջությանը սպառնալու համար։ Գերմանիայում ընկերությանը դատի են տվել բաժնետերերը, որոնք վերջինիս մեղադրում են բաժնետոմսերի գնի անկման համար․ ընկերության կապիտալը նվազել է 49%-ով։

Շվեյցարացի իրավաբան Ժակ Ռուլեն ընկերությանը մեղադրել է խարդախության համար։

Իտալիայի հակամենաշնորհային վարչությունը եւս կարող է հետաքննություն սկսել կոնցեռնի նկատմամբ։ Բացի ԱՄՆ-ի դաշնային հետաքննությունից, իրենց հետաքննությունն են սկսել նաեւ Կալիֆորնիա նահանգի իշխանությունները․ այդ նահանգում է գտնվում Volkswagen-ի՝  թունավոր արտանետումների ստուգման ամենախոշոր կենտրոնը։