Քննչական նոր մանրամասներ է հայտնել Արմավիր-Երեւան ավտոճանապարհին սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած վիճաբանության եւ դանակահարության մասին:

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին, Վաղարշապատի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ու գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Էջմիածնի բնակիչ, 21-ամյա Խ.Գաբրիելյանը:

Պարզվել է, որ Խ.Գաբրիելյանը մարմնական վնասվածքներն ստացել է Էջմիածնի Անդրանիկ թաղամասի եւ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի միջանկյալ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքերի փորձանմուշներ, ինչպես նաեւ՝ հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:

Քննություն է տարվում պարզելու դանակահարության հանգամանքները։